hyenru
hyenru

ԻՐԱՆԻ ՀԵՏ ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՆ ԵՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ. ԻՐԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հայբուսակ համալսարանը երեկ հյուրընկալել էր ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության անդամները նախ զրուցեցին բուհի ղեկավար կազմի հետ` հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը միտված քայլեր անելու համար:

Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը հյուրերին համառոտ ներկայացրեց բուհի անցած ուղին` կարևորելով Իրանի հետ հարաբերությունների զարգացման բնականոն ընթացքը:

Ինչպե նաև նշեց, որ Հայաստանում Իրանի դեսպանատան հետ բուհի համագործակցությունը նույնպես շատ արդյունավետ է եղել, և հարաբերությունները վաղուց դարձել են բարեկամական, ընկերական, ստեղծագործական և ուսուցողական: Ա.Հարությունյանը տեղեկացրեց, որ բուհը մշտապես մասնակցել է դեսպանատան կողմից կազմակերպված գրեթե բոլոր մշակութային, գրական միջոցառումներին: Ավելին` ամեն տարի բուհի` արևելագիտություն ուսումնասիրող ուսանողներից 1-3 հոգի դեսպանատան միջոցներով գնացել է Թեհրան, այցելել մի քանի համալսարաններ և սովորել լեզու, մշակույթ ու գրականություն /բացառություն են միայն վերջին երկու տարիները/: Ա.Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանատանը, նշեց, որ հենց Հայաստանում Իրանի դեսպանատունը նպաստել է Հայբուսակի` Իրանի համալսարանների և դպրոցների հետ կապեր հաստատելուն: «Դեսպանատունը հայտնի է նաև տարբեր բուհերի մեջ անցկացվող իր մրցույթներով, և այդ մրցույթներին, որպես կանոն, մեր համալսարանի ուսանողները միշտ առաջին, երկրորդ տեղեր են զբաղեցրել: Բացի այդ` պետք է ուրախությամբ ասեմ, որ մեր արևելագետներն աշխատաշուկայում հեշտությամբ են իրենց տեղը գտնում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ինչը վկայում է, որ լեզվի իմացության մակարդակը բուհում շատ բարձր հիմքերի վրա է դրված»,- ասաց նա:

Բժշկական գիտությունների համալսարանների զարգացման մասնագիտական խորհրդի քարտուղար Ահմադ Խալեղի Նեժադ Թաբարին էլ կարևորեց նման հանդիպումները` ընդգծելով, որ այս ձևաչափով հանդիպումները նպաստում են հարաբերությունների սերտացմանն ու հետագա համագործակցության զարգացմանը: Նա տեղեկացրեց նաև, որ Իրանում առողջապահության նախարարությունն առանձնանում է ԿԳ նախարարությունից, և գիտական ուսումնասիրությունները գտնվում են ԱՆ-ի հսկողության ներքո:

Ըստ նրա` Իրանը վերջին երկու տարիներին եղել է առաջին այն երկրներից մեկը, որը հետազոտության ոլորտում առաջընթաց է ունեցել: «Մենք ուրախ կլինենք համագործակցել այլ երկրների համալսարանների հետ: Մենք ծանոթացանք ձեր բուհին, և մեզ հետաքրքրեց այն, այնպես որ` միշտ պատրաստ ենք համագործակցության»,- ասաց Թաբարին:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջայց կատարեցին «Հայբուսակ»-ի լսարաններով, եղան «Իրանագիտության» լսարանում, շփվեցին իրանցի ուսանողների հետ: Հյուրերը դատարկաձեռն չհեռացան բուհից:

Leave a Reply