hyenru
hyenru

ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ԼԵՒՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԸ

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, «Հայբուսակ» համալսարանի հիմնադիր եւ առաջին ռեկտոր Լևոն Հարությունյանը կդառնար 90-տարեկան: Մեծն ակադեմիկոսի 90-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են դեռեւս շաբաթներ առաջ՝ կազմակերպվել են կլոր սեղաններ, հուշ-երեկոներ, կոնֆերանսներ եւ գրքերի նվիրատվության յուրահատուկ ֆլեշմոբ, որի ընթացքում Երեւանի բոլոր գրադարանները համալրել են Լեւոն Հարությունյանի հեղինակած տասնյակ գրքերով, այդ թվում նաեւ «Արցախի ֆլորան» երկհատորյակը, որը բարձր ընդունվեց հանրության կողմից:

Ակադեմիկոսի 90-ամյակի հոբելյանական տարին ամփոփվեց համերգային ծրագրով՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյին ներկա էին բարձրաստիճան բազմաթիվ այրեր, մշակույթի, կրթության ու գիտության ոլորտի ականավոր գործիչներ, որոնց մի մասն անձամբ ճանաչելով, շփվելով, աշխատելով ու ընկերություն անելով ակադեմիկոսի հետ յուրաքանչյուրն իր հուշերով էր եկել դահլիճ:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն մկրտչյանն ասաց, որ նույնպես բազմաթիվ հուշեր ունի Լ. Հարությունյան գիտնականից, սակայն նախընտրեց հուշերը պատմելու փոխարեն շեշտել նրա մարդ տեսակը. «Այսօր նշում ենք ոչ միայն բազմավաստակ գիտնականի 90-ամյակը, այլ նաեւ հիշում ենք մի մարդու, որը քաղաքացի էր իր մտածելակերպով: Նա ՀՀ Անկախության առաջին օրերին՝ Արցախյան շարժման սկզբից, նաեւ անդամագրվեց Դաշնակցությանը եւ կարողացավ այդ փոթորկուն տարիներին հստակ կեցվածքով ցույց տալ հայ մտավորականի իր ուղեգիծը: Բազմավաստակ գիտնական, որի դասագրքերը առ այսօր օգտագործվում են մեր համալսարաններում: Ի դեպ, նա առաջիններից մեկն էր, որ գիտական առումով էկոլոգիական շարժման սկիզբը դրեց՝ նոր սերունդների համար»:

Նշանավոր օրվա առթիվ գիտնականի ժառանգները ստացել էին նաեւ բազմաթիվ շնորհավորանքներ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ արտերկրի կրթական, գիտական կազմակերպություններից, գիտնականի կոլեգաներից ու սաներից:

Լեւոն Հարությունյանը հեղինակն է ավելի քան 400 հետազոտությունների, մոտ 400 էսեների, հանրամատչելի հոդվածների, 40 մենագրության, ձեռագրերի, մեթոդական և թելադրության համար անհրաժեշտ ձեռնարկների: Նրա աչքի ընկնող աշխատանքներն են «Ֆիտոթերապիա», «Զվարճալի բուսաբանություն», «Ճանապարհորդություն դեպի բնության թաքնված վայրեր», «Հայաստանի բնությունը և նրա պահպանությունն ու հարստացումը» եւ «Այգեպանների հանրագիտարանը»: Ինչպես նաեւ հեղինակել է Երեւանի կանաչապատման վերաբերյալ գրքեր: Նրա գիտական ներդրումը մեծ է դենտրո ֆլորայի, էկոլոգիայի, կանաչապատման, դեղաբույսերի բնագավառներում: Նրա շնորհիվ տասնյակ հազարավոր ծառեր են տնկվել մեր հայերնի հողում, նա մեր բնաշխարհի բարի ու սիրելի պահապանն է:

Թեպետ բնությունը գիտնականի համար կատարյալ ներդաշնակություն է եղել, սակայն երեկոյին բացահայտվեց, որ բազմակողմանի գիտնականն ունեցել է նաեւ նկարչական մեծ տաղանդ: Մեծն Մարտիրոս Սարյանը տեսնելով Լ. Հարությունյանի նկարները, կանաչապատման նախագծերը, նրան անվանել է բնության ճարտարապետ:

Leave a Reply