hyenru
hyenru

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՅՈԳԵՇՎԱՐ ՍԱՆԳՎԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ

Այսօր Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանին պաշտոնական այցով հյուրընկալվեց Երևանի «Հայբուսակ» համալսարանում: Դա ՀՀ-ում Հնդկաստանի երրորդ դեսպանի այցն էր համալսարան: Հանդիպում-կոնֆերանսը կրում էր «Հնդկաստանի անկախության 70-ամյակին ընդառաջ» խորագիրը:

Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանի խոսքով՝ համալսարանի պատվավոր դոկտորների կազմում են գիտության, քաղաքականության, արվեստի, մշակույթի, համամարդկային տարբեր արժեքներ ստեղծած անձինք: Նրանց թվում են Աջարիայի նախկին նախագահ Ասլան Աբաշիձեն, Վենետիկի «Կա Ֆոսկարի» համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, հայագետ, փիլիսոփա, Մխիթարյան միաբանության անդամ, դոկտոր Լևոն Զեքյանը, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսը և ուրիշներ:

Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը: Նա շնորհավորեց դեսպանին Հնդկաստանի անկախության 70-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթելով նրան բեղմնավոր գործունեություն երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

Կոնֆերանսի ընթացքում գլխավոր զեկույցով հանդես եկավ Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների և իրավագիտության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր, միջազգայնագետ, դիվանագետ Գրիգոր Առաքելյանը: Նա նշեց, որ տարիներ շարունակ ուսումնասիրել է Հնդկաստանը, հնդկական մշակույթը, գրականությունը, և որ հնդիկ ժողովուրդն իր համար առանձնահատուկ ազգ է:

Դեսպան Յոգեշվար Սանգվանին, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշեց, որ Հնդկաստանը միշտ էլ բարեկամական հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ դեռ հնագույն ժամանակներից: Նա հիշեցրեց Հնդկաստանի վարչապետի ապրիլյան այցի և Հայաստանի հետ ստորագրված նոր հուշագրի մասին՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ կտա երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար:

Դեսպանն ուրախությամբ ընդգծեց, որ Հայաստանը Հնդկաստանի հետ համագործակցում է քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում: Նրա խոսքով՝ թեև Հայաստանի տնտեսական զարգացման մակարդակն այնքան էլ բարձր չէ, սակայն իրենք այդ ուղղությամբ փորձում են օգնել մեր երկրին:

Դեսպանը տեղեկացրեց նաև, որ դեսպանատունը 278 երիտասարդ դասախոսների և ուսանողների կրթաթոշակի է արժանացրել:

Անահիտ Հարությունյանն էլ, իր հերթին, «Հայբուսակ»-ի ուսանողներին հորդորեց ակտիվ լինել՝ դեսպանատան ներկայացրած կրթաթոշակում ընդգրկվելու համար:

Այսօրվա կոնֆերանսում զեկույցներով հանդես եկան համալսարանի հնդիկ ուսանողները: Նշենք, որ բուհում սովորում է հնդկաստանցի 100 ուսանող, իսկ համալսարանն ավարտած բժիշկներն աշխատում են Հնդկաստանի տարբեր բուժհաստատություններում: Ի դեպ, «Հայբուսակ» համալսարանում հնդիկ դասախոսներ են դասավանդում:

Leave a Reply